«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ԵՐԲ ԴՈՒՐՍ ԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԵՏՔ Է ԳՆԱՍ»

«ԵՐԲ ԴՈՒՐՍ ԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԵՏՔ Է ԳՆԱՍ»
07.05.2010 | 00:00

Մայիսը հայ ժողովրդի կյանքում հաղթանակների ամիս է։ Լրանում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակը։ Մեզ համար օրը կրկնակի նշանավոր է, քանի որ Մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է։ «Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ցույց տվեց Հիտլերի հիմարությունը։ Պատերազմների պատմության մեջ չկա մի օրինակ, երբ 130-ից ավելի ազգություններ հավաքվում են նույն գաղափարի շուրջը։ Ժողովուրդներն զգացին` ինչ վտանգ է սպառնում իրենց ու համախմբվեցին։ Միայն «Вставай, страна огромная» կարգախոսը հերիք էր, որ ողջ ժողովուրդը ոտքի կանգնի։ Եթե Կարմիր բանակը չհաղթեր, այսօր մեզ խորհուրդ տվող Եվրոպան չէր լինի։ 116 օրում ողջ Եվրոպան ծնկի եկավ, իսկ Լենինգրադը 900 օր չթողեց, որ ֆաշիստական կեղտոտ սապոգը մտնի իր դարպասներից ներս»,- ասում է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, բնականաբար, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին։
-ՀԿԿ-ն երբեք աչքաթող չի արել այն հարցերը, որոնք հուզում են ժողովրդին,- հավաստիացնում է նա։- Սրա փայլուն ապացույցն են մայիսմեկյան երթն ու հանրահավաքը, չնայած վատ եղանակին։ Պետք է սոցիալական արդարության հիմք դնել, քանի որ արդեն քսան տարի խարխլված է սոցիալիզմը։ Իշխանությունների վարած քաղաքականության արդյունքը ժողովրդի ապրելակերպն է, այնինչ այսօր հասարակության և իշխանության միջև ստեղծվել է խոր անդունդ, որն անցնելու համար պետք է մեծ կամուրջ գցել։
-Ոչ միայն իշխանության և հասարակության միջև անջրպետ կա, այլ նաև կուսակցությունների և ժողովրդի, քանի որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր կուսակցություն առաջնորդվում է նեղ կուսակցական շահերի սպասարկմամբ։ Այդպես չէ՞։
-Մայիսի 1-ը ցույց տվեց, որ մենք նեղ անձնական շահերով չենք զբաղված։ Մայիսի 1-ն արտահայտում էր ողջ բանվորների, գյուղացիների կարծիքը, կոմկուսի հզորությունը, կազմակերպվածությունն ու պատասխանատվությունը։ Ցավոք, վատն այն է, որ ով տեղից վեր է կենում, ասում է` ես ընդդիմություն եմ, բայց այս տարիները ցույց տվեցին, թե ով է իրական ընդդիմադիրը, ով է իրեն այդպես ներկայացնում` լինելով կիսով չափ իշխանության մեջ։ Քսան տարիների ընթացքում որոշ կուսակցություններ ընդհանրապես իրենց խայտառակեցին, սակայն շարունակում են մնալ ջրի երեսին։ Այս ամենը ժողովուրդը տեսնում է, հասկանում։ Իսկ մենք հավերժ ժողովրդի հետ ենք, «Հավասարություն, եղբայրություն, արդարություն» կարգախոսը մեր հիմնական սկզբունքն է։ Յուրաքանչյուր հայ մարդու սեղանին պետք է լինի պղնձից, մոլիբդենից, ոսկուց ստացված արդյունքի մի մասը։ Այս ճգնաժամի պայմաններում տնտեսությունը լիբերալ թողնելը երկիրը կտանի կործանման։ Մեզ ասում էին` պլանավորման համակարգը հնացած է, բայց այն ժամանակ այսպիսի ճգնաժամեր չէին լինում։ Ժողովրդի համբերությունն էլ սահման ունի, իսկ երբ այն սպառվի, ոչ մի իշխանություն չի կարող դրա դեմն առնել, իններորդ ալիքի պես կսրբի ամեն ինչ։
-Առկա ընդդիմությունն ի՞նչ է անում իրավիճակը շտկելու ուղղությամբ։
-Յուրաքանչյուր կուսակցության գնահատականը տալիս է ժողովուրդը։ Հայ ազգային կոնգրեսն արեց այն, ինչ կարող էր։ Ինչ վերաբերում է դաշնակցությանը, ով նրանցից գլուխ կհանի, արժանի է Նոբելյան մրցանակի։ ՀՅԴ-ն ասում է` մենք սոցիալիստական կուսակցություն ենք: Բա ինչո՞ւ մայիսի 1-ը չեն տոնում, դա հո կոմունիստների տոնը չէ, բանվոր դասակարգի տոնն է։
-Դուք քննադատում եք և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը։ Հետաքրքիր է, որտե՞ղ է ՀԿԿ-ն։
-Կոմունիստները միշտ եղել և մնում են արմատական ընդդիմություն։ Եթե իրենց ընդդիմություն համարող ուժերն ասում են, թե ինչ-որ բան են փոխում, ճիշտ չէ։ Մենք ունենք մեր ծրագիրն ու սպասում ենք մեր ժամանակին` պարբերաբար ներկայացնելով ժողովրդի խնդիրները։ Պարտադիր չէ փողոց դուրս գալ ու գոռալ, կարևորն այն է` ինչպիսի բովանդակությամբ ես աշխատում։ Դուրս եկան փողոց, գոռացին-գոռգոռացին ու գնացին իրենց տները։ Երբ դուրս ես եկել համակարգը փոխելու, մինչև վերջ պետք է գնաս։ Չարժե մարդկանց հավաքել, միմյանց դեմ լարել, հետո ասել` կհանդիպենք մի ամիս հետո։ Կարծես, մի ամիս հետո ամեն ինչ փոխվելու է։ Ժամանակի ճիշտ ընտրությունը կարևոր նշանակություն ունի։
-Ե՞րբ է կրկին գալու կոմունիստների ժամանակը։
-Ժողովուրդը կորոշի։
-Ի՞նչ նախադրյալներից ելնելով։
-Երբ ֆիզիկական ապահովության խիստ անհրաժեշտություն լինի, կենսակերպի խնդիր առաջանա, էլ ավելի վատթարանա, ժողովուրդն իր էությամբ զգա կապիտալիզմի և բուրժուազիայի անխնա, թալանչիական քաղաքականության արհավիրքները։ Հայաստանում մի նորմալ գործարան չի կառուցվել, որտեղ մի քանի հազար մարդ աշխատի։ Իսկ արդյունաբերություն չունեցող երկիրը մուրացկանի պես աշխարհից ողորմություն է խնդրում։ Ժողովրդի ունեցվածքը փոշիացվել է։ «Նաիրիտը» հանրապետությունը պահող գործարան էր, իսկ հիմա պարտքերի մեջ թաղված է։ Կարող եմ հարյուրավոր գործարանների անուններ տալ, որոնք երկիր էին պահում։ 90-ականներին մենք այս «ժողովրդավար» համակարգին թողեցինք 54 միլիարդի հզորություն։ Ընդունում էինք, որ որոշ բաներ պետք է շտկվեն, բայց կարելի էր այդ ամենը վերակառուցել, ոչ թե հապշտապ ամեն ինչ քանդել ու ասել` «Ջերմուկով» երկիրը կպահենք։ Աշխարհը բռնկված է սոցիալիստական հեղափոխություններով, քանի որ դրա գաղափարախոսությունն ամենաարդարն ու ամենամարդասիրականն է։ Այսօր աշխարհում շուրջ 2,5 մլրդ մարդ սոված է քնում։ Մարդկությունը դա չի հանդուրժի։ Հավատացնում եմ` հանրապետությունում այժմ չկա մի ընտանիք, որ երանությամբ չհիշի խորհրդային տարիները։ Չեմ կասկածում, որ սոցիալիզմը կվերադառնա։
-Ձեզ գոհացնո՞ւմ են հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները։
-ՀԿԿ-ն եղել ու մնում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության պաշտպանը։ Ասում են, թե պիտի ազատվել ռուսական ռազմաբազաներից, որ անկախ ապրենք. սա հիմարության գագաթնակետն է։ Խոսում են Վիլսոնի, Չերչիլի մասին, օրինակներ բերում, այնինչ և՛ Իսահակյանը, և՛ Շիրազը համակարծիք էին, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ։ Հայ-ռուսական հարաբերությունները պետք է աչքի լույսի պես պահել։ Ոչ մեկը թող իրեն մոլագարի տեղ չդնի ու այդ կարգի հայտարարություններ անի։ Ի՞նչ լավ բան է ԱՄՆ-ն արել Հայաստանի համար։ Ո՛չ մի։ Միակ երկիրն է, որ այսօր պատերազմում է։ Էդ ի՞նչ ժողովրդավարություն է, որ խաղաղ բնակչությանը գնդակահարում է։ Նրանց ժողովրդավարությունը զենքն է, ուրիշի տարածքները վերցնելը, իսկ երբ ԼՂՀ-ն ժողովրդավարական ընտրություններ է անցկացնում, չի ճանաչում դրանք։ Երկակի ստանդարտներով ո՞ւմ աչքին են թոզ փչում։
-Իսկ մի՞շտ է Ռուսաստանն իր գործընկեր Հայաստանի հանդեպ ազնիվ։
-Չեմ կարող ասել, թե մեր հարաբերություններում խոչընդոտներ չեն եղել։ Երբեմն եղել են, բայց հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը պետք է դիտել ժամանակի մեջ։ Պատմությունը երբեմն խեղաթյուրված է ներկայացնում իրավիճակը։ Մեր մտածելակերպից պետք է հանենք ձվի մեջ մազ փնտրելու միտումը։ ՈՒրիշի մարմնի վրա բծեր փնտրելուց առաջ պետք է քո ձեռքերը լվանաս։ Այսօր շատ է հակակոմունիստական հիստերիան: Նույնիսկ եկեղեցում ծառայող որոշ մարդիկ, որոնք խաչակնքվելու որոշակի գիտելիք անգամ չունեն, այսօր բոլշևիզմի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում: Մինչդեռ բոլորիս կողմից հարգված Վազգեն Վեհափառն ասում էր. «Նոյեմբերի 29-ի բարեբեր գալուստը հայ ժողովրդին փրկեց իսպառ բնաջնջումից»։
-65 տարվա հեռվից Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն ինչպե՞ս եք գնահատում։
-Հաղթանակը շատ ծանր է նստել մեր երկրի և ժողովրդի վրա, ինչպես երկրի արագ զարգացման, այնպես էլ մարդկանց կյանքի ու ճակատագրի վրա։ 27 մլն զոհեր, որոնցից 3 մլն` կամավորներ, 18 մլն` խաղաղ բնակիչներ։ Հայ ժողովուրդն այս պատերազմում 300 հազար զոհ տվեց։ ՈՒնեցավ 4 մարշալ, 100-ից ավելի Խորհրդային Միության հերոսներ, որոնցից երկուսը` կրկնակի։ Սա մեր պատմության, ժողովրդի հարստությունն է։ Հպարտ ենք, որ գնում ենք դեպի 65-ամյակ։ Հայ ժողովուրդը ոչ թե մասնակից, այլ հաղթանակ կռած ժողովուրդ է։ Ֆաշիզմի տապալման գործում մեծ դերակատարում ունի ռուս ժողովուրդը։ Մենք դիմել ենք կառավարությանը` հուշարձանները, եղբայրական գերեզմանները կարգի բերելու և վերակառուցելու խնդրանքով։ Յուրաքանչյուր վետերան այսօր պետք է համապատասխան ուշադրության արժանանա։ Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ պատերազմի վետերաններին` Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ։ Ցանկանում նրանց հպարտություն և առողջություն։ Փա՜ռք հայրենական հաղթանակի 65-ամյակին։ Հավե՜րժ փառք հայրենիքի համար զոհվածների հիշատակին։
Հարցազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ